Հոգեբուժություն

Թարմացում՝ 13 ապրիլի, 2020թ․

Հոգեբուժական խորհրդատվություն

  1. Կլինիկական իրավիճակներ, որոնց ժամանակ պահանջվում է հոգեբուժական խորհրդատվություն
  1. Սուիցիդալ մտքեր կամ ինքնավնասման վտանգ
  2. Գրգռվածություն դելիրիումի կամ նեյրոկոգնիտիվ խանգարման հետևանքով
  3. Նորահայտ փսիխոզ կամ հակափսիխոտիկներով վարման աջակցություն
  4. Տրամադրության ախտանիշների վարման աջակցություն
  5. Ծանր աստիճանի ալկոհոլային կամ օփիատային ժուժկալման (զրկանքի) համախտանիշ
  6. Հոգեմետներով վարման աջակցություն՝ QT միջակայքը երկարացնող այլ դեղամիջոցներով (ինչպիսիք են հիդրօքսիքլորոքինը և ազիթրոմիցինը) բուժման պայմաններում
  7. COVID-19-ի հերքման նպատակով հոգեբուժական բաժանմունքից հիվանդի տեղափոխում

 

Տագնապային խանգարման/հետվնասվածքային սթրեսային խանգարման ընդհանուր վարում

 

  1. Չինաստանից ստացված նախնական տվյալներից հայտնի է, որ COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների 96․2%-ը մինչև դուրսգրումը հաղորդել են հետվնասվածքային սթրեսային խանգարման նշանակալի ախտանիշներ (Bo et al, Psychol Med, 2020):
  2. Դժվարաշնչության կամ մոտալուտ մահվան հետ կապված տագնապային խանգարման վարման համար տե՛ս Ամոքիչ խնամք գլուխը:
  3. Ոչ դեղորայքային վարում
  1. Անորոշության և վախի զգացումները կարող են հրահրել տագնապը.
  1. Կարևոր է նախ ընդունել և նորմալացնել դիսթրեսային ռեակցիաները
  2. Շտկել ապատեղեկատվությունը։ Տրամադրել ստույգ տեղեկատվություն (հիվանդի ներկա վիճակի և հետագա քայլերի վերաբերյալ՝ հիվանդանոցային գործելակարգերի և անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների առումով)
  3. Խրախուսվում է սահմանափակել ԶԼՄ-ների ազդեցությունը:
  1. Խորհրդատվություն (հոգևորականի, հոգեբանի կամ սոցիալական աշխատողի հետ)
  2. Դիսթրեսը նվազեցնող ռազմավարություններ.
  1. Հանգիստ քուն, կանոնավոր սնունդ, ֆիզիկական վարժություններ
  2. Զրույց հարազատ մարդկանց հետ (հեռախոսի կամ տեսակապի միջոցով)
  3. Ստոծանիական շնչառություն
  4. Մկանների թուլացում:
  1. Դեղորայքային վարում
  1. Հնարավորության դեպքում շարունակել հոգեմետ դեղորայքի ընդունման տնային ռեժիմը
  2. Դելիրիումի նշաններով հիվանդին.
  1. Կվետիապին 125-25 մգ, օրը 3 անգամ, ըստ անհրաժեշտության:
  1. Առանց դելիրիումի նշանների հիվանդին.
  1. Կվետիապին 12․5-25 մգ, օրը 3 անգամ, ըստ անհրաժեշտության:
  2. Լորազեպամ 0․5-2 մգ ներքին ընդունման (ն/ը) կամ ենթալեզվային (ե/լ) ուղով, օրը 3 անգամ, ըստ անհրաժեշտության; 0․5-2 մգ ն/ե, օրը 3 անգամ, ըստ անհրաժեշտության:
  1. Շնչառության ընկճման ռիսկ կամ անամնեզում շնչառական հիվանդություն ունեցող հիվանդին.
  1. Բուսպիրոն 5-15 մգ, ն/ը, օրը 3 անգամ:

 

Հուզական (աֆեկտիվ) խանգարումներ

Դեպրեսիա (ընկճախտ)

  1. Ախտանիշներ․ դիսֆորիկ տրամադրություն, ունայնություն, ուշադրության կենտրոնացման դժվարություն, քնի խանգարում, ախորժակի անկում, հոգնածություն, լալկանություն, անարժեքության զգացում, հուսահատություն, անօգնականության զգացում
  2. Ոչ դեղորայքային վարում
  1. Ֆիզիկական հեռավորությունը և մեկուսացվածությունը կարող են խորացնել դեպրեսիան.
  1. Մեկուսացվածության նվազեցման նպատակով պետք է խրախուսվի հիվանդների և նրանց հարազատների միջև հաղորդակցման ապահով միջոցների օգտագործումը, ինչպիսիք են սմարթֆոնները (խելախոսները):
  1. COVID-դրականության հետ կապված մեղքի և խարանի զգացումերը նույնպես կարող են նպաստել դեպրեսիայի ախտանիշների խորացմանը.
  1. Սևեռվել այնպիսի բաների վրա, որոնք հիվանդը և իր հարազատները կարող են հետագայում վերահսկել, ինչպես նաև այն բանի վրա, որ անվտանգության ապահովմանն ուղղված համապատասխան քայլերն իրականացվում են:
  1. Դեղորայքային վարում
  1. Հնարավորության դեպքում շարունակել հոգեմետ դեղորայքի ընդունման տնային ռեժիմը
  2. Սերոտոնինի հետադարձ զավթման ընտրողական արգելակիչ՝ սերտրալին 50 մգ օրական։ Տանելիության դեպքում յուրաքանչյուր 5-7 օրվա ընթացքում դեղաչափը կարող է բարձրացվել 50 մգ-ով, մինչև ախտանիշների մարումը: Առավելագույն դեղաչափը՝ 200 մգ օրական
  3. Դեպրեսիա քնի խանգարմամբ և ախորժակի անկմամբ․ միրտազապին 7․5 մգ ամեն երեկո քնելուց առաջ։ Տանելիության դեպքում դեղաչափը կարող է բարձրացվել մինչև 30 մգ (ամեն երեկո քնելուց առաջ):
  4. Նախատեսել հոգեբուժական խորհրդատվություն, եթե դեպրեսիայի ախտանիշները շարունակվում են ձեռնարկված ոչ դեղորայքային միջամտություններից հետո, կամ եթե հիվանդը հայտնում է սուիցիդալ մտքեր:

 

Երկբևեռ խանգարում

  1. Մանիայի (մոլագարության)/հիպոմանիայի ախտանիշներչափազանց էներգետիկ ինքնազգացողություն՝ չնայած քնի շատ կարճ տևողությանը, մտածողության արագացում, հապճեպ խոսք, գաղափարական թռիչք, բարձրացած տրամադրություն կամ դյուրագրգռություն, սեփական «ես»-ի գերագնահատում, ուշադրության կենտրոնացման կորուստ, իմպուլսիվություն/անխոհեմություն։ Ծանր դեպքերում կարող են հանդիպել փսիխոտիկ ախտանիշներ (զառանցանք [դելյուզիաներ] /զգայատրանքներ [հալյուցինացիաներ])։
  2. Դեղորայքային վարում
  1. Հնարավորության դեպքում շարունակել հոգեմետ դեղորայքի ընդունման տնային ռեժիմը
  2. Նախատեսել հոգեբուժական խորհրդատվություն, եթե հիվանդի մոտ դիտվում են դեկոմպենսացված մանիայի կամ հիպոմանիայի ախտանիշներ, որոնք ազդում են հիվանդի՝ վարման մեջ ներգրավվելու ունակության վրա:

 

Ընդհանուր դելիրիում (ցնորք)

Հաճախություն

  1. Գիտակցության խանգարումները հավաստիորեն ավելի տարածված են եղել այն հիվանդների մոտ, որոնք մահացել են COVID-19-ի բարդություններից (22%), քան ապաքինվածների մոտ (1%) (Chen et al, BMJ, 2020
  2. Ելնելով ԱՄՆ-ից ստացված հատուկենտ կլինիկական հաղորդումներից՝ COVID-19-ով հիվանդների մոտ կարծես շատ հաճախ են զարգանում դելիրիում և դրանով պայմանավորված այնպիսի ախտանիշներ, ինչպիսին են գրգռվածությունը, ագրեսիվ վարքը և ապարգելակումը։

Ախտորոշում

  1. Կիրառել Շփոթվածության գնահատման թեստը (ՇԳԹ).
  1. ՇԳԹ-ի արդյունքը դրական է, եթե առկա են (1)-ը, (2)-ը և (3)-ից կամ (4)-ից գոնե մեկը
  2. Սուր, հաճախակի տատանվող փոփոխություններ հոգեվիճակում (ի հակադրություն դեմենցիայի)
  3. Ուշադրության կենտրոնացման դժվարություն
  4. Անկազմակերպ մտածողություն (գաղափարների անկապ, անտրամաբանական հոսք)
  5. Գիտակցության խաթարված մակարդակ (չափազանց հանդարտ կամ չափազանց առույգ)

Վարում

  1. Ոչ դեղորայքային վարում
  1. Անհրաժեշտության դեպքում հաճախակի վերակողմնորոշում
  2. Վաղ մոբիլիզացում
  3. Աջակցություն քուն-արթունություն ցիկլերին՝ սենյակային լուսավորության և խթանման միջոցով
  4. Ոչ անհրաժեշտ զսպակապերի, կաթետերների և այլ պարագաների ժամանակին հեռացում
  5. Ակնոցների/լսողական սարքերի օգտագործման ապահովում, երբ հիվանդը բավականաչափ զգոն է
  6. Նպաստող կլինիկական իրավիճակների շտկում՝ ըստ հնարավորության
  7. Հոգեբուժական խորհրդատվություն; ծայրահեղ ծանր դելիրիումի համար տե՛ս Ամոքիչ խնամք գլխի համապատասխան բաժինը
  1. Դեղորայքային վարում
  1. Հնարավորինս խուսափել դելիրիումածին/ցնորածին դեղամիջոցներից (հակախոլիներգիկներ, բենզոդիազեպիններ, օփիատներ)
  2. Բուժել ուղեկցող ախտանիշները և հիմնական հիվանդությունը
  3. Գրգռվածության/ագրեսիայի դեպքում.
  1. Հակափսիխոտիկներ
  1. Հալոպերիդոլ․ թեթև աստիճանի գրգռվածություն՝ 0․5-1․0 մգ ն/ե կամ 1-2 մգ ն/ը ամեն 6 ժամը մեկ և, անհրաժեշտության դեպքում, 1-2 մգ ամեն 2 ժամը մեկ; միջին աստիճանի գրգռվածություն՝ 2-4 մգ ն/ե; ծանր աստիճանի գրգռվածություն՝ 4-10 մգ։ Առավելագույն դեղաչափը՝ 20 մգ/24 ժամ:
  2. Անարդյունավետության դեպքում՝ օլանզապին 2․5-5 մգ (ն/ը, ե/լ կամ ն/ե) ամեն 12 ժամը մեկ և, անհրաժեշտության դեպքում, 2․5 մգ ամեն 4 ժամը մեկ։ Առավելագույն դեղաչափը՝ 30 մգ/24 ժամ։ **Չհամատեղել պարենտերալ բենզոդիազեպինների հետ, քանի որ բարձրանում է շնչառական ընկճման ռիսկը**
  3. Եթե հալոպերիդոլը/օլանզապինը արդյունավետ չեն կամ հակացուցված են, կարելի է փորձել.
  1. Կվետիապին 12․5-50 մգ ամեն երեկո քնելուց առաջ
  2. Արիպիպրազոլ օրական 5 մգ ն/ը։ Առավելագույն դեղաչափը՝ 30 մգ օրական
  1. Ալֆա-2-ագոնիստներ․ օգնում են հիվանդին հետվարժվել թոքերի արհեստական օդափոխության սարքից, նաև լավ տարբերակ են, երբ առկա է երկարացած QT միջակայք (Հղում հավելյալ տեղեկությունների համար)
  1. Դեքսմեդետոմիդին ն/ե․ հեշտությամբ տիտրվում է կիսադուրսբերման կարճ պարբերության շնորհիվ
  2. Դիտարկել կլոնիդինի կիրառումը 0․1 մգ օրական 2 անգամ (հնարավոր է բարձրացնել տիտրը), առկա է նաև մաշկային սպեղանու տեսքով
  1. Տրամադրության կարգավորիչներ
  1. Վալպրոյաթթու (լավ տարբերակ է երկար QT միջակայքի առկայության դեպքում)․ սկզբնական 125-250 մգ ն/ե ամեն 8 ժամը մեկ, օրական 3 անգամ; այդուհանդերձ, COVID-ով հիվանդների դեպքում կարիք է լինում դեղաչափը բարձրացնել (ընդհուպ մինչև հակամանիակալ՝ 15-25 մգ/կգ դեղաչափը)՝ զուգակցելով վերոնշյալ հակափսիխոտիկների հետ
  1. Այլ
  1. Քուն-արթնություն ցիկլի կարգավորում․ միրտազապին 7․5 մգ (հնարավոր է բարձրացնել տիտրը, սակայն հանգստացնող ազդեցությունն առավել արտահայտված է ցածր դեղաչափերի դեպքում)
  1. Նկատառումներ տարեց և ծեր հիվանդների վերաբերյալ
  1. Դելիրիումի բարձր ռիսկ՝ հաշվի առնելով այցելությունների արգելումը, բուժանձնակազմի կողմից անհատական պաշտպանության արտահագուստի (ԱՊԱ) կիրառման ապակողմնորոշող ազդեցությունը, խնամողների դիմակների պատճառով լսելու և նրանց ճանաչելու դժվարությունը
  2. Հարկավոր է խուսափել դելիրիումածին դեղամիջոցների կիրառումից, ինչպիսին են հակախոլիներգիկները և բենզոդիազեպինները (տե՛ս Ամբողջական ցուցակը՝ ըստ Բիրսի չափանիշների)
  3. Եթե սուր գրգռվածությունը չի շտկվում ոչ դեղորայքային միջոցներով, փորձել տրազոդոն 12․5 մգ միանվագ, արդյունքի բացակայության դեպքում կրկնել դեղաչափը 30 ր անց
  4. Հակափսիխոտիկներ (օրինակ՝ հալոպերիդոլ, օլանզապին, կվետիապին) կիրառել միայն որպես վերջին ընտրության միջոց, և միայն եթե QT միջակայքը փոքր է 500-ից:

 

Գործունակության գնահատում

Գործունակության ընդհանուր գնահատում

  1. Գործունակությունը համաձայնություն տալու կարևոր բաղադրիչ է և առնչվում է որոշումների կայացման գործընթացին: Գործունակության գնահատումը որոշում- և ժամանակ-կախյալ է և ներառում է ինքնավարությունն ու բարեվարքությունը հաշվեկշռելու անհրաժեշտություն: Գործունակության գնահատում կարող է կատարել ցանկացած բժիշկ։ Գոյություն ունեն որոշումների կայացման 4 ունակություններ, որոնք պահանջվում են հիվանդից սեփական գործունակությունը ցույց տալու համար.
  1. Համապատասխան տեղեկատվությունն ընկալելու ունակություն․
  1. Հիվանդը պետք է ի վիճակի լինի հասկանալ առկա իրավիճակի, հնարավոր տարբերակների և դրանց հետ կապված օգուտի/վնասի վերաբերյալ տեղեկատվությունը:
  1. Իրավիճակը և դրա հետևանքները գնահատելու ունակություն.
  1. Հիվանդի ունակությունն է հասկանալու, թե որքանով է վերոնշյալ տեղեկատվությունը վերաբերում իր մոտ առկա իրավիճակին:
  1. Պատճառաբանման ունակություն.
  1. Խնդրել հիվանդին բացատրել, թե ինչպես է նա ընդունել այս կամ այն որոշումը, ինչ գործոններ են ազդել դրա վրա:
  1. Հաղորդակցման և հետևողական ընտրության կատարման ունակություն:

 

Հիվանդներ, որոնք մերժում են առաջարկվող բժշկական միջամտությունը

  1. Նկատառումներ.
  1. Գնահատել միջամտության հրատապությունը և մերժման հետևանքները.
  1. Գործունակության գնահատումը ներառում է նաև ռիսկերի գնահատում
  2. Բժիշկը պետք է տարբերակի թույլատրելի և անթույլատրելի ռիսկերը։ Միայն անթույլատրելի ռիսկերն են պահանջում գործունակության գնահատում։ Անթույլատրելի ռիսկերը ներառում են նոր կամ աննախադեպ վարքագիծ (որը չի համապատասխանում նախորդ պահվածքին) կամ առողջությանը զգալի վնաս պատճառող պահվածքը։
  1. Տարբերակելել մերժման հիմքում ընկած վիճակները (օրինակ՝ դելիրիում, տագնապ, գրգռվածություն, կամային կամ հոգեսոցիալական սթրես)
  2. Թեստավորումից կամ օդակաթիլային կանխարգելիչ միջոցառումներից հրաժարվող բուժառուները հավանաբար գործունակության լիարժեք գնահատման կարիք կունենան։

 

Հիվանդներ, որոնք ցանկանում են լքել բուժհիմնարկը՝ հակառակ բժշկական ցուցումներին

  1. Հայտնաբերել հոգեսոցիալական սթրեսածին գործոնները և ըստ հնարավորության հակազդել դրանց
  2. Բժշկական ցուցումներին հակառակ բւժհիմնարկը լքել ցանկացող հիվանդները հավանաբար գործունակության լիարժեք գնահատման կարիք կունենան։
  3. Եթե հիվանդն ունակ է լքել բուժհիմնարկը բժշկական ցուցումներին հակառակ, սակայն այլոց վարակման տեսանկյունից ներկայացնում է էական վտանգ, ապա հարկավոր է կապ հաստատել իրավաբանական ծառայության հետ և հարկ եղած դեպքում կանչել անվտանգության աշխատակցին։

Կախվածությունների հոգեբուժություն

 

Ալկոհոլային կախվածություն

  1. Մեկուսացման և սթրեսի մեծացման հետևանքով ալկոհոլի օգտագործման վերսկսման և հաճախացման վտանգը մեծանում է։
  2. ժուժկալման (զրկանքի) համախտանիշ
  1. Ծանր աստիճան․ պահանջում է հոսպիտալացում.
  1. Տարբերակները ներառում են.
  1. CIWA-սանդղակի վրա հիմնված բենզոդիազեպինային գործելակարգեր.
  1. Հակացուցված են խաթարված հոգեվիճակով հիվանդներին՝ հաղորդվող ախտանիշների ցածր հուսալիության պատճառով
  2. Քիչ տեղին են բարձր ռիսկային հիվանդների համար:
  1. Բենզոդիազեպինի դոզավորման պլանային/տևական իջեցում
  2. Ֆենոբարբիտալի դոզավորման պլանային/տևական ավելացում/իջեցում
  1. COVID-19-դրական հիվանդին կլինիկորեն համապատասխանելու դեպքում կարող է ավելի նախընտրելի լինել, քան բենզոդիազեպինները/CIWA-ն (որոնք սովորաբար պահանջում են դեղամիջոցի ավելի հաճախակի ներմուծում և մեծացնում են քույրական անձնակազմի աշխատանքի ծավալը՝ պատշաճ վերահսկողության համար պահանջելով հիվանդի հետ սերտ շփում և ԱՊԱ-ի հավելյալ գործածում):
  1. Թեթև կամ միջին աստիճան.
  1. Չկառավարվող ժուժկալման ախտանիշների դեպքում հարկավոր է դիտարկել այնպիսի հակացնցումային դեղամիջոցների կիրառումը, ինչպիսիք են գաբապենտինը, տոպիրամատը կամ կարբամազեպինը (SAMHSA [Հոգեմետ միջոցների չարաշահման դեմ պայքարի վարչություն] ուղեցույցներ)։ Առավելությունը կայանում է չարաշահման ցածր հավանականության մեջ։
  2. Կարելի է դիտարկել նաև կարճատև բենզոդիազեպինների կիրառումը՝ նվազող դոզավորմամբ:

 

Օփիատային կախվածություն

  1. Ժուժկալման համախտանիշի ախտանշային վարում.
  1. Գերճնշում․ կլոնիդին 0․1 մգ ամեն 8 ժամը մեկ ըստ անհրաժեշտության (դադարեցնել, եթե սիստոլիկ ճնշումը < 90 մմ ս.ս., սրտի կծկումների հաճախությունը < 55/ր)
  2. Փորլուծություն․ լոպերամիդ 4 մգ ն/ը առաջին ջրիկ կղազատումից հետո, այնուհետև 2 մգ յուրաքանչյուր ջրիկ կղազատումից հետո։ Առավելագույն դեղաչափը՝ 24 մգ օրական
  3. Սրտխառնոց․ օնդանսետրոն 4-8 մգ ն/ը կամ ն/ե ամեն 8 ժամը մեկ ըստ անհրաժեշտության
  4. Ցավ․ իբուպրոֆեն 600 մգ կամ ացետամինոֆեն 650 մգ ն/ը ամեն 4-6 ժամը մեկ
  5. Որովայնային կծկանքներ․ դիցիկլոմին 20 մգ ն/ը ամեն 4 ժամը մեկ
  6. Քթի փակվածություն․ դիֆենհիդրամին 50 մգ ն/ը ամեն 4 ժամը մեկ
  7. Մկանային կծկանքներ․ մեթոկարբամոլ 750 մգ ն/ը ամեն 6 ժամը մեկ
  8. Անքնություն․ տրազոդոն 50-100 մգ ն/ը քնելուց առաջ կամ հիդրօքսիզին 25-50 մգ քնելուց առաջ
  9. Տագնապ․ դիֆենհիդրամին 50-100 մգ ն/ը քնելուց առաջ կամ հիդրօքսիզին 25-50 մգ քնելուց առաջ
  1. Ժուժկալման համախտանիշի ախտանշային վարում ՉՊԵՏՔ Է կիրառվի օփիատային կախվածություն ունեցող հղիների շրջանում՝ կրելախախտի կամ վաղաժամ ծննդաբերության վտանգի մեծացման պատճառով։ Առաջարկվող մոտեցումը մեթադոնային պահպանողական բուժումն է (ԱՀԿ):

Կարանտինի հոգեբանական ազդեցություններ

  1. Ստորև ներկայացվածը վերամշակված է հետևյալ աղբյուրից՝ Brooks et al, Lancet, 2020:
  2. Կարանտինի ընթացքում սթրեսածին գործոններից են․
  1. Ֆրուստրացիան և ձանձրույթը մեկուսացումից, սովորական առօրյայի կորուստը և սահմանափակ ֆիզիկական ու սոցիալական շփումն այլոց հետ
  2. Անբավարար ապրուստի միջոցները և կանոնավոր բժշկական օգնության անհասանելիությունը
  3. Անբավարար տեղեկատվությունը
  4. Կարանտինի երկարատևությունը (10 օր և ավելի), ինչպես նաև կարանտինի երկարաձգումը
  5. Վարակվելու կամ այլոց վարակելու վախը, որը կարող է արտահայտվել սեփական առողջական վիճակի և ֆիզիկական ախտանիշների նկատմամբ ուշադրության մեծացմամբ և անհանգստությամբ:
  1. Կարանտինին հաջորդող սթրեսածին գործոններից են․
  1. Ֆինանսական կորուստները (բացակայություն աշխատանքից, առողջապահական ծախսեր և այլ չնախատեսված ֆինանսական բեռ), որոնք հանգեցնում են սոցիալ-տնտեսական դիսթրեսի
  2. Ընտանիքի, ընկերների, հարևանների կամ գործընկերների կողմից խարանավորումը և մերժումը
  3. Վերադարձը «նորմալ» առօրյային:
  1. Կարանտինի ընթացքում հոգեբանական բարեկեցության աջակցություն.
  1. Տրամադրել պարզ, հասկանալի և գործնական տեղեկություններ հիվանդության բնույթի, կարանտինի ու բուժման պատճառների և այլ էական տվյալների վերաբերյալ: Տեղեկատվությունը հաճախակի հարկ կլինի կրկնել և համապատասխանեցնել հիվանդի կրթական ու մշակութային մակարդակին։
  2. Հնարավորության դեպքում խրախուսել հարազատների հետ հեռահար հաղորդակցությունը բջջային կամ տեսազանգերի, սոցիալական ցանցերի միոցով։
  3. Պահպանել հնարավորինս կարճ կարանտինային ռեժիմ՝ սահմանափակվելով գիտականորեն հիմնավորված տևողությամբ։

 

Հոգեբանական առաջին օգնություն և հոգեբանական բարեկեցության աջակցություն

Ընդհանուր միջոցառումներ հիվանդների և բուժանձնակազմի համար

  1. Ստորև ներկայացվածը վերամշակված է հետևյալ աղբյուրներից՝ ԱՀԿ, Banerjee, Asian J Psychiatr, 2020:
  2. Անվտանգություն/հիմնական կարիքներ.
  1. Առաջարկել անհապաղ օգնություն՝ հայթայթելով միջոցներ, որոնք կապահովեն հիվանդի անվտանգությունն ու հարմարավետությունը (վերմակներ, ջուր, նստելու տեղ և այլն):
  1. Պատշաճ հաղորդակցություն.
  1. Հանդարտությունը և փոխըմբռնումը կարող են օգնել ծանր իրավիճակում հայտնված մարդկանց զգալու իրենց ավելի անվտանգ, հարգված, հասկացված և պատշաճ խնամքով ապահովված։
  2. Կարևոր է ոչ ոքի չստիպել պատմել վերապրածի մասին։
  3. Հարգել լռելու իրավունքը․ հարկավոր է հիշել, որ որոշ մարդիկ կարող են իրենց անհարմար զգալ խոսելիս, կիսվելիս կամ օգնություն խնդրելիս։
  4. Վերահաստատել ապրումներն ու մտքերը. թույլ տալ բուժառուին խոսել այնքան, որքան հարկ է համարում։ Փորձել չգործադրել հավելյալ ճնշում՝ ստիպելու նրան խոսել կատարվածի կամ ներկա ապրումների մասին։
  5. Խուսափել բուժառուի գործողությունների ճիշտ կամ սխալ լինելը գնահատելու գայթակղությունից։
  1. Ինչպես օգնել մարդկանց պահպանել հանգստություն․
  1. Պահպանել ձայնի հանդարտ և փափուկ հնչերանգ:
  2. Հաստատել տեսողական կոնտակտ:
  3. Հիշեցնել նրանց, որ այդտեղ են օգնելու համար, և որ նրանք կարող են իրենց ապահով զգալ, եթե դա իրոք այդպես է:
  4. Եթե իրենց զգում են շրջապատից կտրված, կարող է օգնել միջավայրի կամ հենց իրենք իրենց հետ կոնտակտը, շփումը, հպումը.
  1. Բուժառուի ոտքերը դնել հատակին, որպեսզի զգա գետինը
  2. Բուժառուի ձեռքերի մատներով թակել իր իսկ ծնկներին
  3. Սևեռել բուժառուի ուշադրությունը շրջապատի որևէ չեզոք առարկայի վրա, որը կարելի է տեսնել, լսել կամ զգալ
  4. Կենտրոնանալ շնչառության վրա, շնչել դանդաղ:
  1. Հույզերի տեսակներ.
  1. Բոլոր հույզերն ու արձագանքներն ել «նորմալ» են:
  2. Տարածված սթրեսային պատասխաններ են շփոթվածությունը, անքնությունը, խուճապի գրոհները, առողջական վիճակի հետ կապված տանգապը, հիվանդության նկատմամբ վախը, հոգեմետների օգտագործման հաճախացումը, գրգռվածությունը, մեղքի զգացումը, սասանված կրոնական հավատը, ինքնավստահության կամ այլոց նկատմամբ վստահության կորուստը, շոկը, թախիծը, կլինիիկական ախտանիշներ (աղեստամոքսային դիսթրես, գլխացավեր, ցավ) և հուսալքության ու անօգնականության (անզորության) զգացումներ։
  1. Հաղթահարում.
  1. Խրախուսել առողջությունը խթանող վարքագիծը.
  1. Ունենալ բավարար հանգիստ
  2. Պահպանել առօրյա ռեժիմը
  3. Սնվել հնարավորինս կանոնավոր և խմել բավականաչափ ջուր
  4. Շփվել ընտանիքի անդամների և ընկերների հետ (հեռախոսով կամ տեսազանգի միջոցով)
  5. Քննարկել խնդիրները վստահելի մեկի հետ
  6. Կատարել այնպիսի գործողություններ, որոնք օգնում են թուլանալ (քայլել, երգել, աղոթել)
  7. Կատարել ֆիզիկական վարժություններ
  8. Գտնել անվտանգ եղանակներ՝ օգնելու համար ճգնաժամային իրավիճակում հայտնված այլ մարդկանց, ներգրավվել հասարակական կյանքի մեջ:
  1. Նվազագույնի հասցնել սթրեսը հաղթահարելուն խոչընդոտող գործողությունները․
  1. Ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումը
  2. Ամբողջ օրվա ընթացքում քնելը
  3. Անընդհատ աշխատելը՝ առանց ընդմիջումների կամ հանգստի
  4. Ընկերներից և սիրելի մարդկանցից մեկուսանալը
  5. Հիմնական անձնական հիգիենայի անտեսումը
  6. Բռնության դրսևորումները:
  1. Աջակցել խնդիրների լուծմանը, որոնք կարող են կապված լինել ընտանի կենդանիների, տեղափոխման, ընտանիքին իրազեկելու հետ:
  1. Բուժառուներին կապել աջակցության և օժանդակման ծառայությունների հետ.
  1. Օգնել ընտանիքի անդամներին հնարավորության սահմաններում աջակցություն և խնամք ցուցաբերել հոսպիտալացված հարազատներին (այդ թվում նաև վիրտուալ եղանակով)։
  1. Հուզական վերականգնում (ճգնաժամից հետո).
  1. Լավագույնս օգնում են․
  1. Կատարվածի և կորուստների ընդունումը
  2. Հույզերի նույնականացումը, հստակեցումը և արտահայտումը (հույզերը չթաքցնելը)
  3. Սեփական կյանքը վերստին վերահսկելու և տիրապետելու զգացողությունը:

 

Աջակցություն COVID-ով հոսպիտալացված հիվանդների ընտանիքի անդամներին

  1. Ստորեև ներկայացվածը վերամշակված է հետևյալ աղբյուրից՝ Տրավմատիկ սթրեսի ուսումնասիրման կենտրոն:
  2. Անորոշության և ուժգնացող դիսթրեսի կառավարում.
  1. Խրախուսել տանը գտնվող ընտանիքի անդամների առողջամետ վարքը
  2. Հիշեցնել ընտանիքի անդամներին, որ իրենց հարազատը ստանում է ապաքինման համար անհրաժեշտ օգնությունը և որ հոսպիտալացված հիվանդների մեծամասնությունը բարեհաջող բուժվում և վերադառնում են տուն։
  3. Առաջարկել ընտանիքի անդամներին հոսպիտալացման ժամանակահատվածում հեշտացնել հիվանդի բժշկական, իրավական և ֆինանսական փաստաթղթերի հասանելիությունը, քանի որ դրանց կարիքը կարող է առաջանալ վերջինիս բացակայության ընթացքում։
  4. Մոտավորապես ներկայացնել, թե ընտանիքի անդամնեըն ինչ պարբերականությամբ են իրազեկվելու իրենց հարազատի առողջական վիճակի մասին:
  1. Բաժանման ընթացքում ընտանիքի հետ կապի պահպանում.
  1. Հիշեցնել ընտանիքի անդամներին, որ ֆիզիկական բաժանումն իրենց հիվանդ հարազատից անհրաժեշտ է բոլորի անվտանգ ու առողջ պահելու համար, և որ ընտանիքի անդամներին հիվանդանոցից հեռու պահելը թույլ է տալիս բուժաշխատողներին ավելի արդյունավետորեն կենտրոնանալ հիվանդի խնամքի վրա։
  2. Ստեղծել հնարավորություններ հոսպիտալացված հարազատի հետ շփումն ապահովելու համար՝ SMS-ով, հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ տեսազանգով։
  3. Խրախուսել կարևոր խոսակցությունները հարազատ(ներ)ի և հիվանդի միջև վերջինիս առողջական վիճակի վատթարացման դեպքում և նախքան ինտուբացիայի կարիքի ի հայտ գալը, որպեսզի.
  1. Պարզվեն հիվանդի վերջին ցանկությունները
  2. Կարողանան հրաժեշտ տալ միմյանց:
  1. Խարանավորում այլոց կողմից
  1. Մարդիկ հասկանալի պատճառներով անհանգստացած են իրենց և հարազատների շրջանում վիրուսի տարածման փաստով:
  2. Բուժող բժշկից ճշտել, թե երբ իրենց հարազատն ու ընտանիքի այլ անդամներն երբվանից այլևս վիրուսի տարածման առումով վտանգ չեն ներկայացնի.
  1. Այն բանից հետո, երբ ընտանիքի բոլոր անդամները կանցնեն համապատասխան բժշկական ստուգումներ և COVID-19 թեստը բացասական կլինի, նրանք պետք է տեղեկացնեն այդ մասին իրենց բարեկամներին, ընկերներին, և համայնքի անդամներին, որպեսզի վերջիններս համոզվեն, որ տվյալ ընտանիքը վիրուսի տարածման առումով այլևս վտանգ չի ներկայացնում:
  1. Կորոնավիրուսի քննարկում երեխաների հետ (Հղում)